«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Ցավոք, մեզ` առաջին KBH-շչիկներիս, շուտ մոռացան»

«Ցավոք, մեզ` առաջին  KBH-շչիկներիս, շուտ մոռացան»
02.10.2012 | 11:37

2009-ին լրացավ «Միացրեք 13-րդ ալիքը» զվարճալի հաղորդաշարի ստեղծման 40-ամյակը, որը հեռուստատեսային պատմության մեջ կարևորագույն իրադարձություն էր: Ընթերցողի սեղանին դրվեց նաև հաղորդման գլխավոր մասնակցի` ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ համանուն գիրքը:
60-ականներին Միությունում տարածվել էր ուրախ և սրամիտ խաղ` «ՈՒրախների և հնարամիտների ակումբը» (KBH): Կազմակերպիչը երիտասարդ դասախոս Նորա Ղուկասյանն էր, հերոսները Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի ուսանողներն էին: Կարճ ժամանակում KBH-ի համբավը դուրս է գալիս ինստիտուտից և տարածվում քաղաքով մեկ: Լուրը հասնում է հեռուստատեսություն, և համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվում է «Միացրեք 13-րդ ալիքը» զվարճալի հաղորդումը: Այդ հաղորդումից հետո հեռուստատեսային երգիծանքը տարածվում ու դառնում է երգիծական ծրագրերի հիմնական ձևը:
Մեր օրերում, երբ գռեհկաբանությունը, դատարկախոսությունը, անգամ ապազգային բարբաջանքները ներկայացվում են իբրև հումոր, «13-րդ ալիքի Գարիկը» իր գրքով հիշեցնում է ոչ վաղ անցյալի «ՈՒրախների և հնարամիտների ակումբի» արդարացված հաջողությունները, նրանց մուտքը հեռուստատեսություն, ձեռքբերումները երկրի սահմաններից դուրս: Հեռուստատեսության պահանջարկ-առաջարկ, վարկանիշային սանդղակ վանկարկողներին հիշեցնում է, որ ինչ-որ ժամանակ, երբ հեռուստատեսային ալիքները կարելի էր մատների վրա հաշվել, հաղորդումներն անհաշիվ չէին, երկիրն էլ ազատ-անկախ չէր, հեռուստադիտողը նայելու բան ուներ, ուներ իր սիրած ժամը, սիրած հաղորդումները: Փակվող-բացվող մերօրյա հումորային ծրագրերին և ակումբներին գուցե պակասում է հենց այս դպրոցը: Նոր սերունդը մերժեց հինն ու ավանդականը, փոխարենը ոչինչ չբերելով: «Ցավոք, մեզ` առաջին KBH-շչիկներիս, շուտ մոռացան, հետագայում մեզնից ոչ մեկին KBH-ների մրցումների ժյուրիի անդամ նույնիսկ չհրավիրեցին»,- նշվում է գրքում, որտեղ հեղինակը պատմում է հեռուստատեսային այն գործիչների մասին, ովքեր ստեղծել են «Միացրեք 13-րդ ալիքը», հույս հայտնելով, որ նրանք, ովքեր տեսել են այդ ծրագիրը, կժպտան, կժպտան կարոտով ու սիրով: Անցյալի պատմություններով ու լուսանկարներով ամփոփված այս գիրքն էլի մեկ ժպիտ կորզելու փորձ է:
Այստեղ կարելի է տեսնել նաև ձեռագիր նամակներ. հեռուստադիտողը խնդրում է դարձյալ եթեր հեռարձակել «Միացրեք 13-րդ ալիքը» հաղորդումը: Մեր օրերում ձեռագիր նամակներին փոխարինում է արագ, մեծածավալ ինֆորմացիոն դաշտը, ուր կարելի է հանդիպել «Հեռուստաեթերի մաքրման պահանջների», առայժմ` անօգուտ:
Գարիկ Ղազարյանը երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում, ռադիոյում, պատրաստել է հեղինակային ծրագրեր («Երգիծանք և հումոր», «Եթեր 40», «Կադրում և կադրից դուրս», «Նախաբեմ», «Օթյակ»), խաղացել է թատրոնում, հեռուստաներկայացումներում: Դասավանդել է «Անանիա Շիրակացի» ճեմարանում, այդ ուսումնական հաստատության թատերական ստուդիայի հիմնադիր-ղեկավարն է: Թատրոնը սիրել է մանկուց, ստեղծել է «պատշգամբային թատրոն»: Չնայած հարուստ կենսագրությանը, նրան ավելի շատ հիշում են որպես «13-րդ ալիքի Գարիկ»: Փողոցում, տրանսպորտում, խանութում հաճախ է լսում իր հաղորդման ռեպլիկները. «Ցտեսություն, բնություն», «Բարև, Գուրգեն», «Արևածաղկի սերմ, այսինքն` սեմուշկա», «Թփերի մեջ պատահական դաշնամուր կա»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ